ԲԱՎԵՅԱՆ
Մեր առավելությունը Ձեր եզակիությունն ընդգծելն է...
Բավեյան բրենդը ստեղծում է հագուստ ոչ թե մարմնի համար, այլ կնոջ կերպարն իր բոլոր առավելություններով ընդգծելու ու նրա հոգեվիճակն արտացոլելու նպատակով:
Ողջույն, ես Անահիտ Բավեյանն եմ` Բավեյան ապրանքանիշի հիմնադիր տնօրենն ու դիզայները։ Եթե Դուք հետաքրքրված եք իմ գործունեությամբ, այս պահին կարդում եք ու ցանկանում ավելի մոտիկից ծանոթանալ իմ աշխատանքներին, դա արդեն իսկ ինձ համար մեծ հաջողություն է: Իսկ եթե աշխատանքներովս այնպես տպավորվեք, որ կրկին վերադառնաք այստեղ, ապա դա նաեւ Ձեր հաջողությունն է: Երբ սկսեք ուսումնասիրել ներկայացված ապրանքները, խնդրում եմ անպայման ուշադրություն դարձրեք, թե որքան
- բազմաոճ ու յուրահատուկ
- մարմնի կառուցվածքին համապատասխան հետաքրքիր լուծումներով
- անկրկնելի դիզայնով
- կանացիությունն ընդգծող առանձնահատուկ դետալներով
- ազգային արժեք ներկայացնող ձեռագործ ասեղնագործություններով
են նրանք ստեղծված ու ներկայացված։ Արտադրանքին ծանոթանալիս` հաստատ կնկատեք, որ դրանք կարված են միայն բարձրորակ կտորներով ու Բավեյանին հատուկ կոկիկ ու անթերի կարը հաստատ չի վրիպի Ձեր աչքից:
Ուզում եմ նաեւ կարճ ներկայացնել Բավեյանի անցած ուղին, Ձեզ հետ կիսել հաջողության հասնելու իմ բանաձեւն ու նաեւ խոսել երազանքիս մասին: Նորաձեւությամբ հետաքրքրվել եմ դեռ վաղ տարիքից, երբ իմ ու տիկնիկներիս, հետո նաեւ դստերս ու ընկերուհիներիս համար սկսեցի ստեղծել իրենց բնավորությանն ու ոճին համապատասխան զգեստներ ու աքսեսուարներ: Նրանց հիացական արձագանքն է'լ ավելի էր ոգեւորում ու ինձ ստիպում ավելի մասնագիտորեն մոտենալ հոբբիիս:
Ու 2004 թվից սկսած որոշեցի հոբբիս դարձնել նաեւ մասնագիտություն: Այսպիսով իմ օրվա զգալի մասը սիրով ու եռանդով տրամադրում եմ իմ սիրելի մասնագիտությանն ու առաջընթացին: Այս հարցում մեծ է նաեւ ընտանիքիս դերը. ամուսինս, որը կուլիսների ետեւից հետեւում է իմ բոլոր գործողություններին ու օգնում ի կատար ածել ամենամեծ ջանքեր պահանջող ծրագրերը, զավակներս, որոնք հիմնադրման օրից ի վեր միշտ կողքիս են ու հարսիկներս, որոնք ակտիվ մասնակցում են կազմակերպվող ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպչական հերցերին:
Իմ օրինակով ուզում եմ նաեւ իմ տարիքակից կանանց քաջալերել, որ սովորել ու ինքնակրթությամբ զբաղվել միշտ էլ հնարավոր է ու երազանքին հասնելու համար երբեք էլ ուշ չէ քայլեր ձեռնարկել: 2007 թվականից մինչ օրս չեմ դադարում նորաձեւության բնագավառում կրթվել, հմտանալ ու կատարելագործել կարողություններս որպես դիզայներ, կին ձեռներեց ու կանանց հետ աշխատող ոճաբան։
2007-2010 թթ. կրթություն եմ ստացել Ատեքս նորաձեւության տանը եւ ձեռք բերել կոնստրուկտավորող դիզայների եւ կարի տեխնոլոգի մասնագիտություն: Այնուհետեւ կրթությունս շարունակել եմ Ատեքս-Բուրգո նորաձեւության կենտրոնում, որպես ոճաբան եւ էսքիզավորող:
Այս ամենին զուգահեռ սիրով եմ մասնակցում նաեւ նորաձեւության հետ կապված տարբեր թրեյնինգների ու դասընթացների, որոնք օգնում են գրագետ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել իմ հաճախորդներին, զրոյից ստեղծել հավաքածու ու օգտագործելով նորաձեւության ոլորտում մարքետինգի գիտելիքներս` արդյունավետ վաճառք իրականացնել։ Տիրապետելով ժեստերի լեզվին եւ ուսումնասիրելով Ձեր գունատիպն ու դիմագծերը` կօգնեմ Ձեզ գտնել Ձեր ոճը, ընդգծել առավելությունները։
Բավեյանի հաջողության ճանապարհին անմասն չի նաեւ AGBU կազմակերպության դերը, որը մեզ` կին ձեռներեցներիս, հատուկ ուշադրության է արժանացնում ու բիզնեսի հիմնադրման, հաջող ընթացքի ու միջազգային ճանաչման հարցերում օգնում` անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելով, տվյալ ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելով: Այդօրինակ հանդիպումների ընթացքում Բավեյան բրեդն արժանացել է բարձր գնահատանքի նորաձեւության ոլորտի հայտնի բլոգերների ու մասնագետների կողմից:
Ճանաչում ձեռք բերելու հարցում ինձ իհարկե օգնեցին նորաձեւության ցուցադրությունները, որտեղ հնարավորություն եմ ունեցել ներկայացնել ապրանքանիշիս այցեքարտ դարձած պլիսե զգեստների հավաքածուներս, որոնց բարձրորակ կտորը Լիբանանում հատուկ Բավեյանի պատվերով է արտադրվում ու չեք հանդիպի Հայաստանի ոչ մի խանութում։
Այժմ հանդիսանում եմ Նորաձեւության պալատի անդամ, որի միջոցով հնարավորություն ունեմ աշխատանքներս ներկայացնել նորաձեւության միջազգային հարթակներում ու ճանաչում ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս։
Որպես դիզայներ ու ոճաբան ես փորձում եմ միշտ ժամանակին համընթաց քայլել ու անընդհատ փնտրել նորանոր ոգեշնչման աղբյուրներ, ինքս ինձ տարբեր մարտահրավերներ նետել ու երբեք կանգ չառնել: Եվ այս ընթացքում ինձ համար բացահայտել եմ մի շատ ուրախալի ու կարեւոր փաստ. Բավեյան բրենդը չունի պարտադրող ոճ ու չի սահմանափակվում միայն մեկ կամ երկու ուղղությամբ։ Իմ հաճախորդները տարբեր տարիքային խմբերի, զանազան մասնագիտությունների ու ոճերի տեր կանայք են, որոնք Բավեյանի շնորհիվ ներկայանում են իրենց տեսակին բնորոշ ու տրամադրությանը համապատասխանող կերպարով։
Իմ երազանքն է, որ Բավեյան ապրանքանիշն աշխարհի տարբեր ծայրերում ապրող կանանց շրջանում այնքան մեծ ճանաչում ձեռք բերի, որ բոլորը հնարավորություն ունենան օգտվելու իմ բարձրակարգ ծառայությունից ու միջոցառումներին ներկայանալիս` առանձնահատուկ հպարտությամբ նշեն, որ կրում են Բավեյան դիզայների հագուստը։
Այսպիսով, ուրախ եմ հյուրընկալել Ձեզ իմ էջում ու եթե իմ ստեղծած կերպարներից գոնե մեկում Դուք Ձեզ գտաք կամ հասկացաք, որ ճիշտ հասցեում եք գտնվում, ուրեմն իմ երազանքն ի կատար ածվելու ճանապարհին է..
.
Շնորհակալ եմ...
Սիրով` Ձեր Բավեյան